Մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի օրը: Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939թ.-ի սեպտեմբերի 1 - 1945թ.-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ էր մարդկության պատմության մեջ:
Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով:
Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը: Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ:
Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944թ.-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945թ.-ի սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունն ամիսների հարց է:
Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետության ղեկավարները 1945թ.-ի փետրվարի 4-11-ը Յալթայում (Ղրիմ) հրավիրեցին երկրորդ խորհրդաժողովը, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945թ.-ի ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով:
1945թ.-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը:
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում: Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: Խորհրդային կառավարության որոշմամբ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր: