Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng
Mikayel Gharakeshishyan

stepanavan.am կայքի հարգելի այցելուներ


    Ողջունում եմ Ձեզ Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքում, որտեղից Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ մեր համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել համայնքի ղեկավարի և ավագանու կայացրած որոշումներին, Ստեփանավանում կատարվող աշխատանքների ու բարեփոխումների ընթացքին և առհասարակ քաղաքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին ու միջոցառումներին: Հետադարձ կապի միջոցով կարող եք Ձեր հարցերը, դիտողություններն ու առաջարկություններն ուղղել մեզ` օգնելով բացահայտել համայքնում առկա խնդիրներն ու առաջարկել լուծման Ձեր տարբերակները: Մեր նպատակն է կայքի միջոցով նպաստել մասնակցային կառավարման ձևավորմանը, ապահովել քաղաքապետարանի բաց, թափանցիկ գործունեությունը և հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, քանի որ հանրության վերահսկողությունը, անշուշտ պարտավորեցնող է:


Ստեփանավան համայնքի ղեկավար
Միքայել Ղարաքեշիշյան

Ստեփանավան - NEWS 11.04.16

       
       
       

Պահանջատիրության երթ Ստեփանավանում...

   


Ու Ղ Ե Ր Ձ
«ԼՈՌԻ-ԱՐՑԱԽ» ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Թանկագին լոռեցիներ.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից աննախադեպ լայնածավալ մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից Լոռու մարզի բնակչությունը, հանրապետության ողջ ազգաբնակչության հետ համաքայլ, պատրաստակամություն հայտնեց սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ հավաքագրել՝ աջակցելու և օգնելու պատերազմական գոտում գտնվող արցախցիներին, հայրենիքի պաշտպանության դիրքերում մարտնչող ԼՂՀ Պաշտպանական Բանակի զինվորներին և նրանց օգնության հասած կամավորական ջոկատների մարտիկներին, նկատի ունենալով, որ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են դիմել Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման համայնքային մարմիններ՝ առաջարկելով կենտրոնացնել և համախմբել օգնությունների հավաքագրման գործընթացը, կազմակերպել դրանց ամբողջական փոխադրումըՙ ընդառաջելով մեր հայրենակիցների առաջարկներին, այդ իսկ նպատակով ստեղծված «Լոռի-Արցախ» հանձնախումբը հայտնում է.
Ապրիլի 6-ից Լոռու մարզի տարածաշրջանների բոլոր խոշոր համայնքներում կգործեն օգնություններ հավաքագրող, հաշվառող ենթահանձնաժողովներ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկված օգնությունների հավաքագրման, առաքման ողջ գործընթացը թափանցիկ դարձնելու, յուրաքանչյուր աջակցության մասին հանրությանն իրազեկելու համար: «Լոռի-Արցախ» հանձնախումբը կոչ է անում գործարարներին, անհատ ձեռներեցներին, ձեռնարկատերերին, հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին, բոլորին.
Ձեր նվիրաբերած ամեն մի լուման, յուրաքանչյուր պարագա, ինչն անհրաժեշտ է թշնամու հարձակումներին դիմակայած ազգաբնակչությանը, ռազմի դաշտում հայրենիքի սահմանները պաշտպանող ռազմիկներին, անգնահատելի օգնություն է:
Մենք լիահույս ենք, որ ոչ մի լոռեցի անմասն չի մնալու հայրենասիրական այս ձեռնարկումից:
Լոռեցու արժանապատվությամբ մասնակցենք հայրենանվեր գործին:

Տեղեկացնում ենք, որ Արցախի սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով Ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել «Արցախբանկ» ՓԲԸ-ում գործող ԼՂՀ Ֆինանսների նախարարության հետևյալ հաշվեհամարներին.

ՀՀ դրամով փոխանցումների համար` 22300612211100,
ԱՄՆ դոլարով փոխանցումների համար` 22300110153200,
Եվրոյով փոխանցումների համար` 22300200153300,
ՌԴ ռուբլով փոխանցումների համար` 22300400153100 :


ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԼԱՆՅԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Խոր ցավով տեղեկացանք մեր լավ գործընկերոջ, Ստեփանավանի արժանավոր քաղաքացու, իր գործի լավագույն գիտակի և լավ մարդու մահվան մասին: Մելանյա Ղազարյան մարդու և Մելանյա Ղազարյան աշխատակցի մասին կարող եմ երկար խոսել, բայց ամենակարևորը, որ ցանկանում եմ նշել այն է, որ նա մեր քաղաքի դեմքն էր: Նա յուրաքանչյուր մեծ, թե փոքր իրադարձության ժամանակ կարողանում էր արժանապատիվ կերպով ներկայացնել մեր սիրելի բնօրրանը: Աշխատակազմի ղեկավար, թե խորհրդական՝ կարևոր չէր նրա զբաղեցրած պաշտոնը, կարևորն այն էր, որ նա սիրում էր Ստեփանավանը և իր աշխատանքը կատարում էր բարեխղճորեն՝ այնպիսի հոգատարությամբ, ասես իր տանն էր: Կիսելով խոր վիշտը՝ ցավակցություն եմ հայտնում Մելանյա Ղազարյանի ընտանիքին, հարազատներին, ովքեր նրա առողջությունը պահպանելու համար ջանքեր չխնայեցին: Ձեզ համար լավագույն մխիթարությունն այն է, որ բազմաթիվ սերունդեր դեռ պիտի լսեն մեր քաղաքի պատվավոր քաղաքացու մասին: Մաղթում եմ ուժ և համբերություն ձեզ և բոլորիս: Մելանյա Ղազարյանի բացակայությունը քաղաքապետարանում դեռ երկար պիտի զգացնել տա: Նրա հոգատար վերաբերմունքի ու գիտելիքների մասին այսօր բոլորն են խոսում և հատկապես այն մարդիկ, ովքեր նրա խորհուրդներով ու փոխանցած գիտելիքներով կարողացել են վարպետանալ իրենց գործում: Սա բոլորիս ցավն է:

Ստեփանավան News հաղորդաշարը նվիրված Մելանյա Ղազարյանի հիշատակին



2016 թվականի հունիսի 20-26-ը Սոչիում կայանալու է <Սոչի-Արտ-Միր> IX միջազգային մրցույթ-փառատոնը:
Տեղեկությունների համար այցելել sochi-art-world.ru կայք-էջ:


ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Իգական սեռի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ կանանց տոների կապակցությամբ: Մեծ է ձեր ներդրումը ամենատարբեր ոլորտներում, բայց չեմ կարող չնշել, որ ամենակարևորը ձեր «մայր» կոչումն է, ուստի նախ և առաջ, խոսքս ուզում եմ ուղղել մայրերին: Սիրելի՛ մայրեր, միշտ առողջ եղեք: Թող Աստծո հոգատար աչքը միշտ ձեզ վրա լինի, լինեք գնահատված, սիրված ու կարողանանք հայեցի դաստիարակել մեր սերունդներին: Մեր սահմաններին կանգնած զինվորները խաղաղ լուսաբացներ են ունենում նաև ձեր աղոթքների շնորհիվ, ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, ովքեր իրենց հերոս զավակներին ճանապարհել են հայրենիքը պաշտպանելու: Մաղթում եմ ձեզ համբերություն, տղաներին՝ բարի վերադարձ: Տեղին է մեջբերել Նժդեհի անմահ խոսքը. «Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը»։ Սիրելի աղջիկներ, բարեմաղթանքի ջերմ խոսքեր եմ ուղղում նաև ձեզ: Մեր վաղվա օրը ձեր ձեռքերում է, դո՛ւք պիտի դառնաք գալիք հերոսների մայրերը, մանկավարժները, բժիշկները...։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, սեր ու երջանկություն: Սիրելի՛ տատիկներ, շնորհավորանքի ամենաթանկ խոսքերը ուղղում եմ ձեզ: Դուք ժամանակին ճանապարհ եք ցույց տվել ձեր որդիներին, այսօր դաստիարակում եք թոռնիկներին՝ այն գանձերին, հանուն որոնց պարտավոր ենք պայքարել և անել ավելին՝ հանուն մեր քաղաքի ու նրանց վաղվա օրվա: Մաղթում եմ ձեզ երկար և առողջ կյանք: Դուք եք կյանքի նշանակությունը, շարունակությունը, գեղեցկությունն ու ապրելու իմաստը, ձեզանով է կյանքը հարատև: Եղեք միշտ այդպես գեղեցիկ, շարունակեք ազնիվ ու նվիրյալ ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:

Ստեփանավանի քաղաքապետ
Միքայել Ղարաքեշիշյան

   


ԿԱՆԱՆՑ ՏՈՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը օր առաջ շնորհավորեց կանանց գարնանային տոների կապակցությամբ: Միջոցառումների մեկնակրը տրվեց քաղաքապետի աշխատասենյակում, որտեղ հրավիրված էին քաղաքի վաստակավոր կանայք: Վերջիններս Միքայել Ղարաքեշիշյանի կողմից արժանացան շնորհավորագրերի և նվերների: Շնորհավորագրում մասնավորապես ասված է ` -Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց տոների կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վաստակն ու նվիրվածությունը և չենք կարող չարձանագրել, որ մեծ է Ձեր ներդրումը մեր սիրելի քաղաքում: Գարնանային այս գեղեցիկ տոնը լավ առիթ է ևս մեկ անգամ Ձեր կատարած աշխատանքը գնահատելու և շնորհակալ լինելու համար: Ուրախ ու հպարտ ենք, որ գալիք սերունդները պետք է դաստիարակվեն Ձեր խորհուրդներով և փորձով: Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն ու անհոգ կյանք և ուզում եմ վստահ լինեք, որ Ձեր անցած դժվարին ճանապարհը չի մոռացվել, և Ձեր աշխատանքի պտուղները պետք է տեսանելի լինեն մշտապես:

Կից ներկայացնում ենք նաև շնորհավորագրերի արժանացած կանանց ցուցակը, ֆոտոռեպորտաժը և տեսանյութը:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը անրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը: Քաղաքապետարանի ֆինանսների և եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի և վճարների գանձման բաժնի պետ Թամարա Ղարիբյանը քաղաքապետին զեկուցել է, որ հունվարին գրեթե բոլոր ուղություններով եկամուտները հավաքագրվել են հարյուր տոկոսով` բացառություն է կազմել աղբահանությունը: Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել խնդիրը: Նիստի ընթացքում անրադարձ է կատարվել նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրավիճակին: Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարինե Վահրամյանը տեղեկացրել է, որ բոլոր մանկապարտեզները սկսել են իրենց գործունեյությունը: Մանրամասները տեսանյութում:

   


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 24 ՏԱՐԵԿԱՆ Է

   


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանի քաղաքպետարանում աշխատանքային տարին սկսվեց աշխատանքային խորհրդակցությամբ: Ընդլայնված կազմով նիստի առաջին հատվածում քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ևս մեկ անգամ շնորհավորեց աշխատակազմին տոների կապակցությամբ, ապա անցավ օրակարգային հարցերին: Փոքր-ինչ անդրադառնալով 2015 թվականին՝ քաղաքապետը նախ նշեց, որ քաղաքապետարանը իր առջև դրված խնդիրները կարողացել է լուծել: Գլխավորը՝ սեփական եկամուտների հավաքագրումը ստեփանավանում իրականացվել է ինչպես հարկն է: 2015 թվականն ավարտվել է 104 տոկոս հավաքագրման ցուցանիշով: Քաղաքապետը անդրադարձավ նաև տոնական օրերին տեղացած առատ ձյանն ու դրա առաջացրած անհարմարություններին: Ստեփանավանում համապատասխան բոլոր կառույցները տոնական օրերին աշխատել են հատուկ ռեժիմով՝ թույլ չտալով խցանումներ ու խնդիրներ ճանապարհներին: Ձնամաքրման աշխատանքները, ըստ Միքայել Ղարաքեշիշյանի, կատարվել են ինչպես հարկն է, որի համար վերջինս շնորհակալություն հայտնեց ինչպես քաղաքապետարանի , այնպես էլ այլ ծառայությունների աշխատակիցներին՝ նշելով, որ այս աշխատելաոճը դարձել է ավանդույթ և պետք է նույն կերպ շարունակել նաև առաջիկայում: Քաղաքապետը, խոսելով արդեն 2016 թվականի անելիքների մասին, նշեց, որ նախ և առաջ պետք է ամեն բան սկսել ներքին խոհանոցից. աշխատանքին վերաբերվել սիրով, իսկ միմյանց նկատմամբ տրամադրվել հարգանքով, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ աշխատել, բացի դա յուրաքանչյուրն իր ուժերի չափով պետք է ներդրում ունենա քաղաքի առաջընթացի գործում։ Ղարաքեշիշյանի կարծիքով՝ չպետք է ասել՝ սա իմ գործը չէ: Քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծումը բոլորիս գործն է, և միայն միասնականությունը կարող է բերել արդյունավետ աշխատանքի: Միքայել Ղարաքեշիշյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարեց նաև Ստեփանավանի վթարային շենքերի տանիքներին: Նա համապատասխան բաժնի աշխատակիցներին հանձնարարեց կատարել ուսումնասիրություններ, չափագրել վերանարոգման ենթակա տանիքները և ունենալ համապատասխան փաստաթուղթ, որպեսզի որևէ ծրագրի դեպքում հնարավոր լինի արագ ներգրավվել դրանում: Վերջում ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեց սեփական եկամուտների հավաքագրմանը: Քաղաքապետը իրավաբանական բաժնի աշխատակցին հանձնարարեց շարունակել շրջաբերականների ուղարկման գործընթացը, համագործակցել ՃՈ-ի հետ և հիշեցնել քաղաքացիներին շարժական գույքի հարկերի վճարման մասին: Հանձնարարեց նաև այս տարի ևս մեծ ուշադրություն դարձնել եկամուտների հավաքագրմանը բոլոր ուղղություններով: Ըստ քաղաքապետի՝ աշխատանքի որակը պետք է տեսանելի լինի տարեսկզբից:


ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի ստեփանավանցիներ, ավարտվեց 2015 թվականը: Այն մեր քաղաքի համար բազմաթիվ հաջողությունների, ձեռքբերումների, ինչու ոչ, նաև նոր մարտահրավերների ու անելիքների բացահայտման տարի էր: Անցնող տարում Ստեփանավանը հանրության ուշադրության կենտրոնում էր: Մեր քաղաքը միացավ «Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում քաղաքների դիմակայունություն» ծրագրին։ Գլոբալ քարոզարշավին միացած շուրջ 3000 քաղաքներից միայն 45-ն են ճանաչվել օրինակելի, իսկ Ստեփանավանն այս առումով ԱՊՀ տարածաշրջանում միակն է: Սա մեր քաղաքին հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերն ու առավել պրոֆեսիոնալ պայքար մղել աղետների դեմ: Տարին առանձնացավ նաև նոր բարեկամական կապերով. Ռուսաստանի Դմիտրով և Հայաստանի Ստեփանավան քաղաքների միջև համագործակցություն հաստատվեց: Քաղաքում լուծում ստացան մի շարք հիմնախնդիրներ: Օրակարգային հարցերն էլ քաղաքապետարանը պահեց ուշադրության կենտրոնում։ Օր-օրի զարգացող մեր քաղաքում տարվա ավարտին նկատելի են մի շարք դրական փոփոխություններ: 2015-ին ևս Ստեփանավանը աչքի ընկավ իր մշակույթով ու տաղանդավոր ստեփանավանցիներով: Քաղաքի մշակույթի պալատում բացվեց քանդակագործ Սահակ Սահակյանի թանգարանը, որը լի է բացառիկ գործերով: Քաղաքում ևս երկու խաչքար տեղադրվեց , որոնք հավերժացնում են Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Իսկ ահա Ստեփանավանի՝ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելն աշխուժացրեց երիտասարդության կյանքը: Իհարկե կարելի է երկար թվել կատարված աշխատանքները, բայց առավել կարևոր է, որ յուրաքանչյուրս գիտակցենք, որ կատարված գործերը չպետք է մեզ բավարարեն: Անհրաժեշտ է Նոր տարում զինվել համբերությամբ, պատրաստակամությամբ ու մեր քաղաքն առավել լավը դարձնելու անհրաժեշտության գիտակցությամբ: Սիրելի ստեփանավանցիներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ բոլորիս տներում և մեր սիրելի քաղաքում 2016 թվականին գերակշռեն սերն ու ջերմությունը, տնտեսական առաջընթացն ու դրական տեղաշարժը: Այսօր մեր երկիրը քիչ խնդիրներ չունի: Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ , իսկ պետության առջև, բացի հայկական բանակի կայունությունից, դրված է նաև երկրի տնտեսությունը զարգացնելու խնդիրը: Ուստի և բոլորիս պարտքն է 2016 թվականին ևս լինել միասնական, համարձակ այն մարտահրավերների առջև, որոնք կան ու դեռ կլինեն: Թող իր զինվորին սպասող մոր աղոթքները Աստծուն լսելի լինեն, ու Նոր տարվա հրաշքը ուղեկցի մեզ գալիք ողջ տարվա ընթացքում:

Ստեփանավանի քաղաքապետ
Միքայել Ղարաքեշիշյան


Լրատվության արխիվ


Հասցե`   ՀՀ   Լոռու մարզ, 1901 ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Հեռախոս`  (374256)22233   (374256)22188     Ֆաքս`  (374256)22233
Էլ.փոստ`   stepanavan.lori@mta.gov.am

Created by Mariam Movsisyan

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 01001829@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
2010-2016